19:21 Ինչու չի գրանցվել «Համահայկական ճակատ» կուսակցությունը | |
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ Արշակ Կարապետյանի գլխավորած «Համահայկական ճակատ» կուսակցությունը Արդարադատության նախարարությունը չի գրանցել: Կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանը Vesti.am-ի հետ զրույցում անդրադարձավ պատճառներին և միտումներին: - Պարո՛ն Շահինյան, ինչո՞ւ կուսակցությունը չգրանցեցին: - Մեզ ներկայացված պատճառը տեխնիկական բնույթ է կրում: Այնպիսի կետեր են առաջ բերել, որ փոփոխությամբ հնարավոր էր կարգավորել, բայց նոր համագումար անելու կարիք են առաջացնում: Պահանջ կա, որ կուսակցության և ղեկավարի գործունեության հասցեն պետք է նույնը լինի, լրացրել ենք: Մոտ 5 անուն է կրկնվել, բայց վստահեցնում եմ, որ մեր կուսակցությունը շատ ավելի բազմամարդ է, էլի կլրացնենք: Իրավաբանությունն այնպիսի գիտություն է, որ կարելի է նույն բանը մի քանի տարբեր ձևով մեկնաբանել: Իրենք խնդիր են ունեցել չգրանցելու և չեն գրանցել: - Միտումը որտե՞ղ է: - Մեր կուսակցությունն, ի դեմս գեներալ Արշակ Կարապետյանի, ունի առաջնորդ: Իր մոտեցումներն ու պահանջները համակարգային են: Ձևավորում ենք համակարգված շարժում՝ մարզային կառույցներ, երևանյան գրասենյակներ, համապատասխան հանձնաժողովներ, որոնք հստակ ունեն իրենց գործառույթները: Մեր առաջնորդը մասնագիտությամբ հետախույզ է և մոտեցման այդ ձևը գալիս է իր նեղ մասնագիտական հմտություններից՝ նրանց խնդիրն է բացահայտել նեգատիվ միջավայրները և հասնել արդյունքի: Մենք դիտարկման տակ ենք: Ընդհանուր առմամբ սա մեզ հասկանալի է, բայց նույնիսկ այս իրավիճակում, պետք է արձանագրեմ, որ գոհ ենք շարժման գրանցած արդյունքներից՝ մեր մասին գիտեն: Հենց այս ամենով պայմանավորված՝ հասկանում եմ նաև իրենց, քանի որ ի դեմս գեներալ Կարապետյանի գլխավորած ուժի, տեսնում են քաղաքական մրցակցի: Ըմբռնումով ենք մոտենում, եթե նույնիսկ չգրանցեն, ապա պետք է հիասթափեցնեմ՝ շարժմանը բազմաթիվ կուսակցություններ են միացել և նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է իրենց օրենքով վերապահված գործառույթները տրամադրել գեներալ Կարապետյանի առաջնորդած թիմին, որպեսզի կարողանանք մասնակցել քաղաքական պրոցեսներին: - Իշխանության այս կամ ներկայացուցչի և նույնիսկ վարչապետի մակարդակով հաճախ են անդրադառնում Արշակ Կարապետյանին: Ինչո՞ւ, խանգարո՞ւմ է: - Եթե Կրապետյանը հարմարվող տեսակ լիներ և համաձայն լիներ ներկա աղետալի պրոցեսների հետ, ապա կշարունակեր պաշտոնավարել: Իր բերած բարեփոխումները, ՊՆ համարանիշներով Արցախ այցերը գործող վարչախումբը և հակահայկական պետությունները բավականին ցավագին ընդունեցին և իրենց կոլեգային հանձնարարեցին աշխատանքից ազատել գեներալ Կարապետյանին: - Ամեն դեպքում ինչո՞ւ իշխանությունը չի փակել Արշակ Կարապետյանին վերաբերող էջն ինչպես մույս պաշտոնաթող նախարարների դեպքում է անում: - Կարապետյանը պաշտոնազրկումից հետո ամեն րոպե և ժամ ապրում է Հայաստանի անվտանգային խնդիրներով և այս իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու ուղղություններ է փնտրում: Այն ժամանակ, երբ Կարապետյանին աշխատանքից ազատեցին, պայմանավորվածություն կար Ադրբեջանի զինված ուժերի հետ, որ նրանք դիրքային փոփոխություններ պետք է ունենան՝ ի օգուտ Հայաստանի: Պետք է շատ դիրքեր հետ գնային և դրա մասին այս վարչախումբն էլ գիտի, ինչպես նաև այլ պետությունների է հայտնի: - Բացահայտում եք անում: Եթե արդեն պայմանվորվել էին, ինչո՞ւ, ետ չգնացին: - Այս վարչախմբի առջև նման խնդիր չկար դրված: Նրանք գնալով փոքրացնում են ՀՀ տարածքը և կարևորագույն դիրքեր են հանձնում՝ կապվածքաղցրահամ ջրերի, բնական ռեսուրսների, տրանսպորտային հանգույցների հետ: - Ո՞ր հատվածում պետք է ադրբեջանական զինուժը ետ գնար և պայմանավորվածությունն ինչպե՞ս ու ինչի՞ դիմաց էր ձեռք բերվել: - Այդ մասին ես զերծ կմնամ պատմել, գեներալն ինքը կխոսի: Ես չգիտեմ դա գաղտնիություն պարունակո՞ւմ է, թե՞ ոչ: Դա հստակ է և ոչ մեկ չի հերքել: - Արշակ Կարապետյանին մեղադրում են, որ հայրենիքի համար պայքարում է, բայց գտնվում է Ռուսաստանում: Ինչո՞ւ այստեղ չէ: - Եթե մենք ապրեինք իրավական պետությունում, ապա հարցին կարելի էր այլ տեսանկյունից մոտենալ: Մենք տեսնում ենք, որ օրերցօր ավելանում է քաղբանտարկյալների թիվը, սահմանափակվում է ազատ խոսքը և ռեպրեսիաներն աննախադեպ են: Նույնիսկ զոհվածների ծնողներին չեն շրջանցում: Ես վստահ եմ, որ սա բռնապետություն է, ոչ մի օրենք չի գործում, միայն հրամաններով և հանձնարարականներով կալանվորումներ են և այլն: Կարպետյանի տիրապետած ինֆորմացիան հաշվի առնելով՝ նրան այստեղ միայն բանտարկելով չեն սահմանափակվի, պարզապես ֆիզիկական գոյությանը կսպառնան: | |
Просмотров: 60 | | | |
Всего комментариев: 0 | |