ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի ընկերներ, կորդինացիոն շտաբին միանալու համար կապվեք հետևյալ հեռախոսահամարով՝ 096319031։

11:11
Խոջալուի դեպքերի Հայաստանի իշխանությունների լռությունը
Խոջալուի դեպքերի Հայաստանի իշխանությունների լռությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ս.թ. մայիսի 28-ին հայտարարել է. «...Հայաստանը իրականացրել է Խոջալուի ցեղասպանությունը, սպանել է անմեղ մարդկանց, մարդկության դեմ հանցագործություն է գործել։․․․ Հայաստանն ինքը պետք է ճանաչի դա, ինքը պիտի ներողություն խնդրի մեզանից»։

Հայաստանի Հանրապետությանը, փաստորեն, վերագրվում է Խոջալուում ցեղասպանություն իրականացնելու պաշտոնական մեղադրանք և դրա հետ կապված նոր պահանջ, ինչը հղի է լրջագույն հետևանքներով Հայաստանի միջազգային վարկի համար և էլ ավելի է բարդացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռնկարը։ Ակնհայտ է նաև, որ Ալիևը օգտվելով Հայաստանի իշխանությունների անհոդաբաշխ և անձեռնհաս քաղաքականությունից, մի նոր անարդար և նվաստացուցիչ նախապայման է դնում Հայաստանի հետ հաշտության գնալու և խաղաղություն կնքելու գործում։

Այս իրավիճակում Հայաստանի իշխանություններն արդեն քանի օր է որևէ կերպ չեն հակադարձում պաշտոնապես առաջադրված այդ մեղադրանք-պահանջին և բացարձակապես անհասկանալի լռություն են պահպանում՝ ըստ էության քաջալերելով Ադրբեջանի նման վարքագիծը։ Հայաստանի իշխանությունների լռությունը լրջագույն կասկածներ է հարուցում հատկապես այն պատճառով, որ առկա են Խոջալուի դեպքերում հայկական կողմի պատասխանատվությունը հերքող բազում արժանահավատ ապացույցներ։ Դրանց մեջ ամենակարևորը՝ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությունն էր դեպքերից անմիջապես հետո, որում նա մեղադրել էր Ադրբեջանի Ազգային ճակատին Խոջալուի ողբերգությունը կազմակերպելու և այն իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով օգտագործելու համար (տես՝ Մութալիբովի հարցազրույցը չեխ լրագրող Դանա Մազալովային, որը հրապարակվել է «Независимая Газета»-ի 1992թ. ապրիլի 2-ի համարում)։ 

Այդ բացահայտումը հաստատվում է նաև այլ կարևոր վկայություններով, փաստաթղթերով և տեսանյութերով, որոնց թվում են հայտնի հեռուստալրագրող և Ադրբեջանի Ազգային հերոս Չինգիզ Մուստաֆաևի նկարահանումները և Խոջալուի դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողովին տված նրա վկայությունները, որոնք բավականին լավ փաստագրված են տարբեր հրապարակումներում։ Հատկանշական է, որ մի քանի ամիս հետո նա սպանվեց կասկածելի հանգամանքներում։ Նույն շարքում են Դանա Մազալովայի բազում հրապարակային ելույթներն ու վկայությունները Խոջալուի դեպքերը նենգափոխված ներկայացնելու ադրբեջանական քարոզչամեքենայի փորձերի դեմ, Ադրբեջանցի հայտնի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի հրապարակումը «Реальный Азербайджан» թերթի, 2005թ. ապրիլի 29-ի համարում։

Ապացույցների այս ցանկն ամենևին չի հավակնում սպառիչ լինելուն։ Ցանկացողները կարող են համացանցում և հրատարակված բազում աշխատություններում՝ մասնավորապես Թաթուլ Հակոբյանի հեղինակած «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» գրքում, գտնել լրացուցիչ ապացույցներ։

Նման առատ նյութի առկայության պայմաններում Հայաստանի իշխանությունների կողմից վճռական հակադարձման բացակայությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ երկրի ղեկը գտնվում է Հայաստանի պետական շահը չներկայացնող, ապաշնորհ մի խմբակի ձեռքերում։

Ստորև կցում ենք հիշատակված և այլ օգտակար նյութերի պատճեններ և հղումներ։

⦁    Մութալիբովի հարցազրույցը
⦁    Չինգիզ Մուստաֆաևի ցուցմունքները Ադրբեջանի խորհրդարանի Խոջալուի դեպքերի քննիչ հանձնաժողովին
⦁    Դանա Մազալովայի հարցազրույցը Արմենպրես լրատվական գործակալությանը
⦁    Էյնուլլա Ֆաթուլլայևի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանի լրագրող Դեյզի Սինդելարին բանտից ազատ արձակվելուց հետո

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Երևան, 2024, հունիսի 3

Просмотров: 62 | Добавил: armenlur | Теги: Չինգիզ Մուստաֆաև, Էյնուլլա Ֆաթուլլաև, Խոջալուի դեպքեր, Դանա Մազալովա, Հայ Ազգային Կոնգրես, Թաթուլ Հակոբյան, ՀԱԿ, Այազ Մութալիբով | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0